ՉԺՀ-ի երեք նավ մտել են Արեւելաչինական ծովի Սենկակու վիճահարույց կղզիների գոտի, որը Տոկիոն իր տարածքային ջրերն է համարում: Ճապոնիայի ափային պաշտպանության ծառայությունում հայտնել են, որ այս տարի սա արդեն տասներորդ դեպքն է:
Ճապոնացի սահմանապահները ռադիոկապով չինացիներից պահանջում են «անմիջապես լքել Ճապոնիայի տարածքային ջրերը», սակայն նրանց նկատմամբ ակտիվ գործողություններ չեն ձեռնարկում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին ՉԺՀ-ի ՊՆ-ն Արեւելաչինական ծովի այդ հատվածում ստեղծել էր օդանավերի ճանաչման հատուկ գոտի՝ երկրի հակաօդային պաշտպանությունն ապահովելու նպատակով: Այդ գոտում ընդգրկվել էին Դյաոյույդաո (Սենկակու) կղզիները, որոնք տարածքային վեճի առարկա են Ճապոնիայի եւ Չինաստանի միջեւ:
Ճապոնիան բողոքել էր Չինաստանին եւ Պեկինից պահանջել այդ որոշումն անվավեր ճանաչել: Բացի դրանից , այդպիսի գոտու ստեղծումը դարձել էր Պեկինի եւ Ավստրալիայի, ինչպես նաեւ Հարավային Կորեայի միջեւ հարաբերությունների լարվածության պատճառ:




























