Նվազագույնը վեց մարդ է վիրավորվել FedEx ընկերության` ԱՄՆ Ջիորջիա նահանգի պահեստներից մեկում տեղի ունեցած հրաձգության արդյունքում, NBC հեռուստաալիքին վկայակոչելով, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

Նշենք, որ FedEx-ը սուրհանդակային եւ փոստային առաքումների ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկն է համարվում:

Միջադեպը տեղի է ունեցել Կեննեսո քաղաքում` տեղի օդանավակայանի մերձակայքում: Հրաձգությունից հետո դեպքի վայր են մեկնել «շտապ օգնության» եւ ոստիկանական տասնյակ մեքենաներ: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել. նրանց առողջական վիճակի մասին հավելյալ տեղեկություններ դեռեւս չեն ստացվել:

Ոստիկանները հանցագործության վայրից ճողոպրած չարագործին են փնտրում: Նրա մոտիվները դեռեւս հարցականի տակ են:

Կեննեսո քաղաքը հայտնի է նրանով, որ դեռեւս 1982թ. քաղաքային խորհրդի մակարդակով միաձայն որոշում է ընդունել, համաձայն որի յուրաքանչյուր տնային տնտեսություն պարտավոր է տրամադրության տակ նվազագույնը մեկ միավոր հրաձգային զենք եւ համապատասխան զինամթերք ունենալ: