Թուրքմենստանում չեղյալ են հայտարարել երկրի յուրաքանչյուր քաղաքացուն ամսական մինչեւ 120 լիտրի չափով բենզինի անհատույց տրամադրումը:  Հանրապետության նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի հիշյալ քայլը նավթային ապրանքների տեղական շուկան կարգավորելու միտումով է բացատրվում:

5,5 մլն բնակչություն ունեցող այս երկիրը նախկին ԽՍՀՄ տարածքում գազի արտահանման ծավալներով երկրորդ տեղն է զբաղեցնում` Ռուսաստանից հետո, հաղորդում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ 1993թ. երկրի առաջին նախագահ Սապարմուրատ Նիյազովի կողմից սահմանված կոմունալ արտոնությունները` անվճար գազ, էլեկտրականություն, ջուր, սահմանված են եղել 10 տարվա համար, ապա հետաձգվել են մինչեւ 2030թ.: Նիյազովի իշխանավարման տարիներին բենզինը խորհրդանշական գումարով էր վաճառվում` 2 ԱՄՆ ցենտ` 1 լիտրի դիմաց: Նշենք, որ շշերով խմելու ջուրն ավելի թանկ էր վաճառվում:

Նոր նախագահի օրոք երկու անգամ բենզինի գնի փոփոխություն է եղել: Առաջին դեպքում` այն գրեթե ութ անգամ է աճել` հասնելով 15 ցենտրի, իսկ ավելի ուշ` 22 ցենտ դարձել: