Սիրիայի պրոբլեմը ներսից հասկանալու համար հարկավոր է գլոբալ մոտեցում ցուցաբերել եւ սիրիահայերի ընդհանուր խնդիրների շարքում այդ պրոբլեմի մեկ օղակը Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների մեջ տեսնել: Այսօր` ապրիլի 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի եւ համահայկական խնդիրների «Արեգ» գիտա-վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Քեսաբ. ժամանակակից մարտահրավերներ» գիտական համաժողովին նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Մելքոնյանը:

Իհարկե, Սիրիայի շուրջ բարդ իրադրություն է ստեղծվել, քանի որ այստեղ լուրջ գեոպոլիտիկ իրականություններ են բախվել, մի կողմից` Արեւմուտքն ու Միացյալ Նահանգները, մյուս կողմից էլ` Ռուսաստանն իր դաշնակիցների հետ, որոնք պաշտպանում են Բաշշար Ասադի կառավարությունը»,- նշել է Մելքոնյանը, ընդգծելով, որ նման հանգամանքներում Սիրիայի հայկական համայնքի համար դժվար է չեզոքություն պահպանել: