Թուրքիան գնում է ցանկացած քայլի` խուսափելու համար հայկական կազմակերպչական կառույցների, հայկական պետականության հետ շփումներից` նախընտրելով առանձին հայերի հետ կապ հաստատել: Այսօր` ապրիլի 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի եւ համահայկական խնդիրների «Արեգ» գիտա-վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Քեսաբ. ժամանակակից մարտահրավերներ» գիտական համաժողովին նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նրա խոսքով, ցանկացած առիթով եւ հնարավորության դեպում Թուրքիան իր հակահայկական քաղաքականությունը գլոբալ խաղի ենթատեքստ է մտցնում: «Այն, ինչ Մերձավոր Արեւելքում է տեղի ունենում` մեծ խաղ է` տարբեր բեւեռների միջեւ: Թուրքիան այսօր ահաբեկչական քաղաքականություն է վարում, քանի որ բացահայտ կերպով աջակցություն է ցուցաբերել ահաբեկիչներին եւ մինչ այօսր էլ շարունակում է անել դա»,- ընդգծել է Ռուբեն Մելքոնյանը:
2015թ. ընդառաջ թուրքագետը Թուրքիայի քայլերը երկու մասի է բաժանել` ծածուկ եւ ագրեսիվ: «Քեսաբի իրադարձությունները Թուրքիայի ագրեսիվ քայլերից մեկն են: Սակայն եղել են նաեւ ծածուկ, այսպես կոչված` «հանդուրժողական» քայլեր` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 23-ի հայտարարությունը եւ խիստ վտանգավոր թեզն այն մասին, որ Թուրքիան պատրաստ է 1915թ. իրադարձություններին զոհ գնացած հայերի ժառանգներին քաղաքացիություն շնորհել»,- նշել է Ռուբեն Մելքոնյանը:




























