Կուտակային կենսաթոշակների հարցը կարող է բավականին ցավոտ լինել Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների համար, եւ կառավարությունն արդեն տագնապի ազդանշաններ է ստացել հասարակությունից: «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի ուղղումները ՀՀ կառավարությանը ներկայացնելիս նման հայտարարությամբ է հանդես եկել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Պետությունը պատրաստ է հանգիստ մթնոլորտում քննարկել այդ խնդիրները եւ այնպիսի լուծումներ գտնել, որոնք թույլ կտան բոլորի համար ընդունելի համակարգ ձեւավորել»,- հավելել է նախարարը: Նա հասկացնել է տվել, որ փոխզիջումային տարբերակը, ամեն դեպքում, չպետք է պարտադիր կուտակային մոդելից սկզբունքային տարբերություն ունենա: Մասնավորապես, օրենքի 87 հոդվածով առաջարկվում է հավելել, որ ժամանակավորապես կասեցված` տուգանքներին վերաբերող հոդվածը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 30-ից:
Նախարարը նշել է, որ շուրջ 127 հազար քաղաքացիներ արդեն միացել են կենսաթոշակային համակարգին: Նրանց կուտակային հաշիվներին փոխանցված գումարներն արդեն ապագա կենսաթոշակների համար եկամուտ են ձեավորում:
Իր հերթին, ՍԴ որոշմանը համապատասխան օրենսդրական խնդիրները լուծելու նպատակով բոլոր քաղաքական ուժերի ներգրավվածությամբ աշխատանքային խումբ ձեւավորելու կոչով է հանդես եկել վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ՀՀ Սահմանադրական Դատարանը վճիռ էր հրապարակել, համաձայն որի «Կուտակային կենսաթոշակների մասին» սկանդալային օրենքի մի շարք հոդվածներ չեն համապատասխանում երկրի Սահմանադրությանը: Միաժամանակ դատարանը մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ը ժամանակ էր տվել խորհրդարանին եւ կառավարությանը` օրենսդրական դրույթներում ուղղումներ մտցնելու համար: Հասարակական բողոքի լայն ալիքների ճնշմամբ կառավարությունը ստիպված էր կասեցնել կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառությունը:



























