Ներդրող, Ռուսաստանի Խնայբանկի նախագահի խորհրդական Ռուբեն Վարդանյանը «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում պատմել է իր այսօրվա գործունեության մասին:
«Ես հեռացել եմ ներդրումային բանկային ոլորտում օպերացիոն եւ ռազմավարական կառավարումից, թեեւ շարունակում եմ համագործակցել «Խնայբանկի» խմբի հետ՝ որպես նախագահի խորհրդական, խորհրդի նախագահ: Բայց եթե խորը նայենք, ես, ինչպես եւ նախկինում, փորձում եմ անել նախագծեր՝ կապված տնտեսական եւ սոցիալական միջավայրի փոփոխման հետ: Միայն թե այժմ շարունակում եմ դրանով զբաղվել այլ մեխանիզմների ՝ ներդրումների, ինձ հետաքրքիր ընկերությունների տնօրենների խորհրդում աշխատանքի, բարեգործական եւ կրթական նախագծերի միջոցով»,- ասել է Վարդանյանը:
Նրա խոսքով, զբաղվում է այնպիսի նախագծերով, որոնք կապված են «Ռուսաստանում բարեգործության ինդուստրիայի ստեղծման, ԱՊՀ տարածքում կրթական նախաձեռնությունների եւ Հայաստանի զարգացման հետ»:
«Իմ բոլոր նախագծերը երկար են ստացվում: Ես ամբողջ կյանքում իմ մասին մտածել եմ որպես լավ սպրինտերի, սակայն պարզվեց, որ իսկական, հիմնովին սթայեր եմ: Հոգեկերտվածքով, հարաբերություններ հաստատելու, գործընկերություն հաստատելու ձգտումով:
Օրինակ, Հայաստանում վեց տարի առաջ մենք ֆինանսավորեցինք բանկի գնում, որն այդ պահին վարկանիշում 21-րդն էր 22-ից: Ընդ որում, երկրում այդ ժամանակ արդեն մի քանի տարի աշխատում էին խոշոր օտարերկրյա բանկեր, իսկ որոշ տեղական բանկեր հատուկ հարաբերություններ ունեին պետական մարմինների հետ: Այդուհանդերձ, կառավարիչների բացառիկ թիմը՝ Անդրեյ Մկրտչյանի գլխավորությամբ, կարողացավ անել անհնարինը, այժմ դա թիվ մեկ բանկն է Հայաստանում, որը նաեւ միջազգային ճանաչման է հասել: Եւ դա այն դեպքում, երբ հայկական տնտեսությունը փոքր է, իսկ ֆինանսական հատվածում մրցակցությունը շատ կոշտ: Պարզվում է, որ այդ միջավայրում էլ կարելի է նորմալ բանկ ստեղծել: Ահա նման օրինակներն ինձ դուր են գալիս»,- ասել է գործարարը:




























