Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն վաղը՝ ապրիլի 30-ին, նիստ են գումարելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Նիստը նշանակված է «Ժառանգություն» խմբակցությունում, ժամը 11:00-ին:

Հարցին՝ ինչպես է «Ժառանգությունը» գնահատում ԲՀԿ-ի՝ Գալուստ Սահակյանի թեկնածության կողմ քվեարկելուն, Ռուբիկ Հակոբյանը հրաժարվեց պատասխանել՝ հորդորելով սպասել վաղվա նիստին:

Նշենք, որ ԲՀԿ-ի այսօրվա քայլից հետո լայնորեն շրջանառվում է, որ «քառյակի» ապագան վտանգված է:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 29-ին, Գալուստ Սահակյանը 101 ձայնով ընտրվեց ԱԺ նախագահ: Ինքնաառաջադրված Հրանտ Բագրատյանի օգտին քվեարկեցին ընդամենը երեքը՝ ինքը, Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: ԲՀԿ-ական եւ ՕԵԿ-ական պատգամավորները կողմ քվեարկեցին ՀՀԿ-ական թեկնածուին, իսկ «Ժառանգությունը», ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն չմասնակցեցին ընտրությանը: