Իրանը չի վախենում ոչ նոր պատժամիջոցներից, որ ռազմական ներխուժումից, հայտարարել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը՝ Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում:
«Մենք կարող ենք դիմագրավել պատժամիջոցներին, դրանք երբեք մեզ չեն կանգնեցրել ատոմային էներգիա ունենալու մեր իրավունքի իրացման ճանապարհին: Պատժամիջոցները չեն կարող մեզ կանգնեցնել: Իրանը կարող է դիմակայել Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների ճնշումներին»,- ընդգծել է Ահմադինեջադը:
Ընդ որում, ինչպես նշում է «Ինտերֆաքսը», նա նկատել է, թե ի տարբերություն Հյուսիսային Կորեայի, Թեհրանը մտադիր չէ դուրս գալ Ատոմային զենքի չտարածման պայմանագրից:
ԻԻՀ նախագահը նշել է նաեւ, թե «Իրանը չի վախենում պատերազմից, չի վախենում որեւէ երկրի կողմից հարձակումից», թեեւ ասել է, թե իրենք դեմ են պատերազմին:




























