Ապրիլի 25-ին Ռուսաստանի Բանկը հրապարակել է հիմնական տոկոսադրույքը 50 բազիսային կետով բարձրացնելու մասին որոշումը` ինֆլյացիոն ռիսկերի աճի հիմնավորմամբ: Տոկոսադրույքը 2014թ. ապրիլի 28-ից 7,5 տոկոս կդառնա: Ցուցանիշի նախորդ` 150 բազիսային կետով անսպասելի աճը տեղի էր ունեցել 2014թ. մարտի երեքին, հաղորդում է Quote.rbc.ru-ն:
Հաշվի առնելով, որ 2014թ. համար գնաճի թիրախային մակարդակը տարեկան համադրությամբ 5 տոկոս է կազմում, իսկ սպառողական գների գործակիցն արդեն անցել է 7 տոկոսի նշագծից, Ռուսաստանի Կենտրոնական բանկը «մոտակա ամիսներին մտադիր չէ նվազեցնել հիմնական դրույքաչափը»: Ռուսաստանի Բանկի գնահատմամբ, գնաճի կտրուկ տեմպերի աղբյուր են հանդիսանում ռուբլու թուլացումը, ինֆլյացիոն սպասումների աճը եւ «առանձին ապրանքների մասով շուկաների ոչ բարենպաստ կոնյուկտուրան»:
Մասնագետների գնահատմամբ, Ռուսաստանի Բանկը փորձում է ժամանակին ամրացնել ռուբլու փոխարժեքը, քանի որ Ուկրաինայի շուրջ տիրող գեոպոլիտիկ իրադրությունը կարող է ցանկացած պահի բացասական անակնկալների աղբյուր դառնալ:




























