Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները որոշել են կրճատել աշխատանքային միգրանտների թիվը: Նոր քաղաքականությունն առաջին հերթին կվերաբերի ցածր որակավորմամբ կադրերին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով National թերթը:

«Նախկինում մենք օտարերկրացիների կարիք ունեինք ազգային ենթակառույցը զարգացնելու համար,- թերթին ասել է ԱՄԷ աշխատանքի նախարար Սակր Գոբաշը: -Սակայն այժմ պետք է հրաժարվենք հին մոտեցումներից եւ ընդունենք միայն այն օտարերկրացիներին, որոնց գիտելիքների եւ հմտությունների կարիքն ունենք: Այդկերպ կարող ենք մեր քաղաքացիների համար աշխատատեղեր ստեղծել»:

Արաբական Միացյալ Էմիրությունները Պարսից ծոցի երկրների շարքում արտասահմանցի միգրանտների թվով առաջինն է, որոնք աշխատուժի 90 տոկոսն են կազմում: Այս պահին նրանց թիվը 5 մլն է, 2,2 մլն-ը՝ Հնդկաստանից,  1,25 միլիոնը՝ Պակիստանից,  0,5 միլիոնը՝  Բանգլադեշից, 1 միլիոնը՝ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի այլ երկրներից: