Դանիայի ինտեգրման, գենդերային հավասարության եւ երեխաների հարցերով նախարար Մանու Սաարենը որոշել է դադարեցնել Նիգերիայից երեխաների որդեգրումը:

«Կոռուպցիան, փաստաթղթերի կեղծումը եւ նիգերիական իշխանությունների թույլ վերահսկողությունը մեծացնում են երեխաների մասին սխալ տեղեկատվության ստացման վտանգը, մասնավորապես այն, որ երեխաներն իրականում որդեգրման ենթակա չեն», - նշված է հաղորդագրությունում:

Մոտ մեկ ամիս առաջ Նիգերիայի ոստիկանությունը գործողություն էր անցկացրել տեղական «երեխաների ֆաբրիկաներից» մեկում: Մարտի 22-ին ոստիկանները Լագոսի մոտ գտնվող մի տնից ազատել էին ութ երիտասարդ կնոջ, այդ տունը ապօրինի ծննդատուն էր: Նրանք երեխաներ էին ունենում, որոնք անմիջապես վաճառվում էին աշխարհի տարբեր երկրների անպտուղ զույգերին:   Նորածին տղաներն ավելի թանկ են վաճառվել, քան աղջիկները, նորածինների միջին գինը եղել է 1300 եվրո, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

2011 թ. հետո Նիգերիայում ազատվել էին 125 երիտասարդ կին, որոնք ապրում էին այդպիսի տներում:

Մարդկայինառեւտուրը լայնորեն տարածված է Արեւելյան Աֆրիկայում, որտեղ երեխաներին գնում են՝ պլանտացիաներում, ֆաբրիկաներում կամ մասնավոր տներում ծառա աշխատելու համար: