Երեւանում, Հայաստանի գյուղական եւ քաղաքային համայնքներում 1067 մարդու շրջանում հարցում է անցկացվել Ուկրաինայի դեպքերի վերաբերյալ:  Ուսումնասիրությունն անցկացվել է ապրիլի 8-18-ը: Այս մասին ապրիլի 30-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Gallup International Association»-ի տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը Ղրիմի դեպքերի, հանրաքվեի եւ ՌԴ կազմ մտնելու հարցում:

Ըստ Նավասարդյանի՝ տրվել է 8 հարց. «Առաջին հարցը եղել է այն, թե արդյոք լսել են հեղափոխության մասին,  ինչին 92%-ը դրական է պատասխանել,  8%-ը՝ ոչ:  Երկրորդ հարցը եղել է այն, թե ինպես են վերաբերվում Կիեւի արյունալի իրադարձություններին, ինչին միանգամայն դրական են պատասխանել 4%-ը, ավելի շուտ դրական՝ 14%-ը, ավելի շուտ բացասական՝ 35%-ը, միանգամայն բացասական՝ 42%-ը: Ընդհանուր առմամբ 77%-ը բացասաբար է վերաբերվում այդ դեպքերին», - նշել է նա: Երրորդ հարցը վերաբերել է նրան, թե ինչպես են վերաբերվում Ուկրաինայից Ղրիմի անկախացմանը: Ըստ Նավասարդյանի՝ միանգամայն դրական է պատասխանել  26%-ը, ավելի շուտ դրական՝ 44%-ը, ավելի շուտ բացասական՝10%-ը, միանգամայն բացասական՝ 8%-ը: Դժվարացել է պատասխանել 12%-ը: Ընդհանուր առմամբ 70%-ը դրական է վերաբերվել Ուկրաինայից Ղրիմի անկախացմանը: Չորրորդ հարցը վերաբերել է նրան, թե ինչպես են վերաբերվում Ղրիմի ՌԴ կազմ վերադառնալուն: Միանգամայն դրական է պատասխանել  30%-ը, ավելի շուտ դրական՝ 47%-ը, ավելի շուտ բացասական՝ 8%-ը, միանգամայն բացասական՝ 4%-ը: Ընդհանուր առմամբ 77%-ը դրական է գնահատել այդ երեւույթը:

Ղրիմը վերադարձնելու հետ կապված ՌԴ գործողություններին վերաբերող 5-րդ հարցին ընդհանուր առմամբ դրական վերաբերմունք է արտահայտել 76%-ը:  6-րդ հարցը եղել է այն, թե արդյոք Հայաստանը պետք է Ղրիմը ՌԴ մաս ճանաչի, ինչին դրական պատասխան է տվել 73%-ը, 12%-ը բացասական է պատասխանել,  15%-ը դժվարացել է պատասխանել: 7-րդ հարցին, թե արդյոք Հայաստանում նման արյունալի հեղափոխության նախադրյալներ կան, դրական է պատասխանել 25%-ը,  65%-ը՝ «ոչ» է ասել, 10%-ը  դժվարացել է պատասխանել:

«Եվ 8-րդ հարցը. Մենք Հայաստանում արյունալի հեղափոխության նախադրյալների առկայության հարցին դրական պատասխան տված 25%-ին խնդրեցինք պատասխանել՝ ինչ սցենար են կանխատեսում այդ դեպքում: 33%-ը կարծում է, որ իշխանափոխություն տեղի կունենա,  28%-ի կարծիքով՝ առիթից օգտվելով Թուրքիան ու Ադրբեջանը ռազմական գործողությունների կդիմեն,  25%-ի կարծիքով էլ այդ դեպքերը մարտի 1-ի օրինակով անիմաստ զոհերի կհանգեցնեն, 20%-ը նշել է, որ Հայաստանը տնտեսական ծանր վիճակում կհայտնվի, 18%-ը՝ որ Հայաստանն ավելի ժողովրդավար կդառնա,  9%-ը՝ որ Հայաստանը Ուկրաինայի նման կկանգնի մասնատման վտանգի առաջ: Այս հարցին  դժվարացել է պատասխանել նրանց 5%-ը: