Իրաքում ընտրողների եւ անվտանգության ուժերի վրա իրականացված հարձակումների արդյունքում զոհվածների թիվն այս պահին արդեն գերազանցում է մեկ տասնյակը:

Գրոհների մասին առաջին տեղեկությունները Բաղդադի ծայրամասերից են ստացվել: Գրոհայինները ականանետերից կրակ են բացել երկու ընտրատեղամասերի ուղղությամբ: Սակայն հարձակման արդյունքում ոչ ոք չի տուժել:

Այնուհետ տեղեկություններ են ստացվել անկախ բարձրագույն ընտրական հանձնաժողովի մեկ աշխատակցի մահվան մասին, որ Մոսուլի ընտրատեղամասերից մեկի մոտ պայթած ռումբի արդյունքում էր զոհվել:

Ահաբեկչական գործողության արդյունքում երկու կանանց մահվան մասին տեղեկություններն արդեն Քիրկուկի արվարձաններից են ստացվել: Հարձակումն ուղղված է եղել ընտրողների մեծաքանակ խմբի դեմ, որոնք ընտրատեղամաս էին գնում` քվեարկությանը մասնակցելու համար:

Բաակուբայի արվարձանում ճամփեզրին պայթուցիկ սարք է գործի դրվել, որի արդյունքում երեք իրաքցի է զոհվել, եւս ութը տարբեր բնույթի վնասվածքներ են ստացել:

Թիքրիտում գրոհայինների գործողությունների արդյունքում հինգ մարդ է մահացել, որոնցից մեկը` ոստիկան:

Տուժածների թվի վերաբերյալ հստակ տեղեկություններ դեռեւս չկան, իրաքյան լրատվամիջոցները մի քանի տասնյակ վիրավորների մասին են հաղորդում: Հանրապետության հեռուստաալիքները եւ տեղեկատվական գործակալությունները գրեթե րոպեն մեկ ամբողջ երկրում բախումների եւ ահաբեկիչների գործողությունների մասին նորություններ են փոխանցում: