Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովին Ֆրանկֆուրտի օդանավակայանում թույլ չեն տվել նստել Ուկրաինա թռչող օդանավը՝ կասկածելով, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում, հաղորդում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով ականատեսին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այն բանից հետո, երբ Ավակովը հայտնվել է օդանավակայանում եւ փորձել օդանավ նստել, ավիաուղիների անվտանգության աշխատակիցները հրաժարվել են նրան ներս թողնել:
«Անվտանգության աշխատակիցները նշել են, որ ուղեւորը, այսինքն Ավակովը, արտաքին տեսքից ելնելով, գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ: Այդ հայտարարությունից հետո, Ավակովը աղմուկ է բարձրացրել եւ պահանջել թողնել իրեն օդանավ, քանի որ ինքն այլ երկրի բարձրաստիճան պաշտոնյա է: Դեպքի վայր է ժամանել օդանավակայանի անվտանգության ծառայությունը, սակայն կոնֆլիկտը հնարավոր է եղել հարթել»,-ասել է ուղեւորը, որն այդ պահին օդանավակայանում է եղել:
Այս տեղեկությունը Ֆրանկֆուրտի օդանավակայանի ոստիկանությունում չեն մեկնաբանել՝ նշելով, որ որեւէ խուլիգանական գործողություն չի արձանագրվել պարոն Ավակովի մասնակցությամբ:
Ավակովի խոսնակ Նատալյա Ստատիվկոն եւս հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը: «Ներկայումս այդ դեպքերը չեն մեկնաբանվում: Բոլոր մեկնաբանությունները կտեղադրվեն ՆԳՆ կայքում»,-ասել է նա:




























