ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանին Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի պատճառով հավելյան պատժամիջոցներով է սպառնացել: Գերմանական կառավարության ղեկավարը հիշյալ հայտարարությամբ հանդես է եկել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպումից հետո:

Կարեւոր է, ընդգծել է նա, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունները, նախատեսվածի համաձայն, մայիսի 25-ին կայանան: Երկրի ապագայի հարցը «ոչ այլ ոք, քան միայն Ուկրաինայի բնակչությունը կարող է լուծել` արդար եւ ազատ ընտրությունների միջոցով», նշել է Մերկելը:

Նրա խոսքով, Ուկրաինայի շուրջ հակամարտությանը Գերմանիան իր գործընկերների հետ միասին «գործի է դնում Ռուսաստանի հետ բանակցային բոլոր ուղիները»: Սակայն «դա չի բացառում տնտեսական պատժամիջոցներ սահմանելու մեր պատրաստակամությունը», հայտարարել է կանցլերը:

«Եթե այդ բոլոր քայլերը պտուղներ չտան, ապա չպետք է սարսափենք այն մտքից, որ հավելյալ պատժամիջոցներ են հարկավոր»,- Մերկելի խոսքերն է մեջբերել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: