Ռուսաստանում բարձր որակավորում ունեցող գիտնականներ եւ աստվածաբաններ կպատրաստեն` իսլամի հիմունքներ դասավանդող օտարերկրյա մասնագետներին փոխարինելու համար: Այս մասին հայտարարել է Պրիվոլժիեի դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Միխայիլ Բաբիչը` ամփոփելով տարածաշրջանի մուֆթիների` Սամարայում անցկացված խորհուրդը:
Նախորդ տարի որակավորման բարձրացման երկու կենտրոններ են բացվել Ուֆայում եւ Կազանում, որտեղ 2013թ. ավելի քան 200 մարդ է ուսում ստացել, իսկ ընթացիկ տարում նրանց թիվն արդեն 700-ը կգերազանցի: Մինչեւ 2015թ. ավարտը կենտրոններում որակավորումը բարձրացնելու հնարավորություն կունենան Ռուսաստանի գրեթե բոլոր իսլամական աստվածաբանները:
Բաբիչը հիշեցրել է, որ Ռուսաստանում իսլամական կրթության եռաստիճան մոդել է ձեւավորվում` մեդրեսե, իսլամական բուհեր եւ հոգեւորականության որակավորման բարձրացման համակարգ: Հիշյալ մոդելի շուրջ առաջարկությունները ներկայումս ՌԴ կառավարության քննարկմանն են ներկայացված, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Հիմնական խնդիրներից մեկը արտասահմանյան իսլամական կրթարաններում ուսման մեկնող երիտասարդներն են, որոնց մեղադրելու բարոյական իրավունք չունենք, քանի որ պայմաններ չենք ստեղծել տեղում նույն մակարդակով իսլամական կրթություն ստանալու համար: Այսօր խնդիր ունենք ստեղծել այդ պայմանները»,- ասել է լիազոր ներկայացուցիչը:



























