Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարության սպայի տանը ղարաբաղյան պատերազմի հերոսների մասնակցությամբ հանդիսավոր արարողություն էր կազմակերպվել: «Ծանոթ լինենք միմյանց հետ» նախաձեռնության հեղինակներն էին սպայի տունը եւ «Գեւորգյանի մարտական արվեստների դպրոցը»: Հանդիպումը մայիսի 9-ի տոնին` Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի եւ Շուշիի ազատագրման օրվան ընդառաջ էր կազմակերպվել:
Միջոցառմանը ներկա են գտնվել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ղարաբաղյան պատերազմում զոհված եւ անհետ կորած մարտիկների մայրեր, զինծառայողներ, այլ հյուրեր:
Հանդիպման պաշտոնական մասը ՀՀ օրհներգով է սկսվել: Ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմի տարիներին զոհված ընկերների հիշատակը:
«Հակառակորդի նպատակը Զանգեզուրն էր: Ուզում էին լող տալ Սեւանում: Հայաստանը ոսկորի պես ցցվել էր Թուրքիայի կոկորդին, որ նպատակ ուներ միավորվել Ադրբեջանի հետ եւ մինչեւ Չինաստան ուղիղ կապ ապահովել»,- նշել է Արկադի Տեր-Թադեւոսյանը: «Մեր ժողովուրդն ապացուցեց, որ ռազմի դաշտում ամուր ոգին ավելի արժի, քան մարտական գիտելիքները»,- ընգծել է նա:
Լրագրողների հետ զրույցին Արկադի Տեր-Թադեւոսյանը նշել է, որ «սովորելու շատ բան ունենք մեր նախնիներից»: «Մայիսի 9-ը ուրախության օր է: Յուրաքանչյուր սերունդ իր հերոսներն ունի: Բայց հերոս չեն ծնվում, հերոս դառնում են»,- նշել է գեներալը:


























