Հայաստանի ներկա կառավարությունը պարզապես փող է աշխատում Ռուսաստանից ստացված վարկի հաշվին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա նշել է, որ 2009-ի մայիսին Ռուսաստանից ստացված 500 մլն դոլարի (185 մլրդ դրամ) վարկի մեծ մասը՝ 127 մլրդ դրամը, որպես վարկ տրամադրվել է տարբեր ձեռնարկությունները: «Դա այնքան էլ հասկանալի չէ: Այդ վարկերի պատմությունն էլ տարօրինակ է՝ տարբեր տոկոսադրույքներով, տարբեր ընկերությունների՝ «ՀայՌուսգազարդին», Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին, թեեւ դրանք ռուսական ընկերություններ են: Նրանք վարկ են ստացել միջինը Libor + 5-6 տոկոսադրույքով (ինքը՝ կայունացման վարկը տրամադրվել է Libor +4 տոկոսադրույքով): Այսինքն տարեկան 6-7 տոկոսով, իսկ մեր ֆերմերները, նկատեք, վարկը բանկերից ստանում են երեք անգամ ավելի թանկ»,-նշել է Բագրատյանը:
Նրա խոսքով՝ 2013-ի հոկտեմբերին ինքը փաստաթուղթ է ստացել այն մասին, որ այդ վարկից 53 մլրդ դրամը փակվել է: «Բայց եթե մենք պարտք ենք տվել 127 մլրդ դրամ, ապա պետք է ստանայինք 160 մլրդ դրամ, որտեղ են մնացած գումարները, դա մտահոգիչ է: Հիմա ես սկսում եմ հիշել, թե ինչու դուք եվրոբոնդեր թողարկեցիք, որպեսզի փակեք ռուսական վարկը: Այն, ինչ ինձ հաջողվել է ստանալ կառավարությունից ի պատասխան իմ հարցումների, պարզվում է, որ հետ ստացած միջոցները ուզում են նորից վարկ տալ եւ ստանալ արդեն 216 մլրդ դրամ: Շատ հետաքրքիր զբաղմունք է: Եկեք ուրեմն շրջանառության մեջ դնենք նաեւ բյուջեի միջոցները: Ուշացնենք պետծառայողների աշխատավարձը կես տարով եւ գումարները տոկոսներով տանք»,-հայտարարել է Բագրատյանը:




























