Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկա վեց ամիսների ընթացքում քաղաքականության կվերադառնա: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քաղաքական եւ միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Քոչարյանի ակտիվությունը կապված է նրա վերադարձի հետ:
«Չի բացառվում, որ Քոչարյանն առաջիկա վեց ամիսներին քաղաքականություն վերադառնա, իսկ վերադառնալ կարող է միայն ու միայն հեղաշրջման միջոցով: Հայաստանում հեղափոխություն եղել է ընդամենը մեկ անգամ՝ 1988թ.-ին, իսկ դրանից հետո ոչ հեղափոխություն է եղել, ոչ էլ ընտրություն: Ամեն հարց լուծվում է հեղաշրջման միջոցով»,- ասաց նա:
Աղասի Ենոքյանը չի շտապում կանխատեսել՝ արդյոք Սերժ Սարգսյանը հեշտությամբ կզիջի իշխանությունը, թե ոչ: Մեր հարցին՝ մարտի 1-ից հետո հասարակությունը կընդունի երկրորդ նախագահին, քաղաքագետը պատասխանեց. «Եթե հասարակությունն ընդունում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, մասնավորապես Գագիկ Ծառուկյանին, որը մարտի 1-ին հիմնական դերակատարներից մեկն է, ապա շուտով կմաքրվի նաեւ Քոչարյանի վատ իմիջն ու նրան էլ կընդունեն»:
Նշենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջին ամիսներին ակտիվացել է, պարբերաբար հարցազրույցներ է տալիս՝ խոսելով երկրի ներկայիս վիճակի մասին, քննադատելով գործող իշխանություններին: Քաղաքական շատ վերլուծաբաններ եւ նույնիսկ քաղաքական գործիչներ կարծում են, որ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ:




























