Նեպալում` Հիմալայների Ամա-Դաբլամի բարձունքը նվաճելու փորձ կատարելիս երկու ռուս ալպինիստներ են մահացել:
Վիկտոր Իգոլկինի եւ Պավել Իվանովսկիի մահվան ենթադրյալ պատճառ է համարվում մեծ բարձրությունների վրա օդում թթվածնի պակասի հետ կապված լեռնային հիվանդությունը: Սակայն Կատմանդուում, որտեղ ներկայումս ռուսաստանցիների մարմիններն են գտնվում, բժիշկները դեռեւս պետք է դիահերձում իրականացնեն` մահվան հստակ պատճառը որոշելու համար:
Ալպինիստները 4,9 հազար մետր բարձրության վրա խփված ճամբարում են մահացել, The Himalayan Times-ին վկայակոչելով տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նեպալում ռուսական դիվանագիտական առաքելությունը ներկայումս վերստուգում է տվյալ տեղեկատվությունը:
Ամա-Դաբլամի գլխավոր գագաթը 6812 մետր բարձրություն ունի, ստորինը` 5563 մետր: Բարձունքը Նեպալ այցելող օտարերկրյա ալպինիստների շրջանում մեծ հեղինակություն է վայելում:



























