Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պարզապես ցանկանում էր իր կադրին՝ Հովիկ Աբրահամյանին բերել: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քաղաքական եւ միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«ԲՀԿ-ին այլընտրանք համարելը սխալ է, այս ուժը շատ ճարպիկ ձեւով իրեն այլընտրանք է համարում, բայց այսօր ձեւավորված կառավարությունում հենց Բարգավաճի մարդիկ են, դրա համար էր այս ուժը Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջում»,- ասաց նա:

Աղասի Ենոքյանի խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակելու է իրեն այլընտրանք համարել, միեւնույն ժամանակ կադրեր ունենալով իշխանությունում: Քաղաքագետը համոզված է, որ այս կերպ կուսակցությունը շատ շահեկան դիրքում կգտնվի: Մեր հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն անհարմար դրության մեջ չի դնում «հրաշալի քառյակի» մյուս ուժերին՝ Ենոքյանը ընդգծեց. «Քառյակի ուժերն իրենք են իրենց անհարմար դրության մեջ դրել՝ համագործակցելով ԲՀԿ-ի հետ, միշտ այսպես է լինում՝ ուժեղ կողմը թույլ կողմին օգտագործում է իր նպատակների համար: Իսկ ԲՀԿ-ն իրեն հարմար իրավիճակում է դրել, մասնակցում է իշխանության ձեւավորմանը, սակայն իրեն ոչ մի պարտավորվածության մեջ չի դնում: Ցանկացած պահի կարող է ասել, որ իշխանություն չի»:

Ենոքյանի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանը այսուհետ էլ շարունակելու է իր մարտավարությունը. պահանջելու է այն մարդու հրաժարականը, որն իր սրտով չէ:

Անդրադառնալով նոր կառավարությանը՝ քաղաքագետը նշեց, որ նորանշանակ նախարարներն ու վարչապետը ոչինչ չեն փոխելու:

Նշենք, որ «հրաշալի քառյակը» մարտին հայտարարեց, որ պատրաստվում է պահանջել Տիգրան Սարգսյանի հրաժարականը, իսկ ապրիլի 28-30-ը շուրջօրյա ակցիաներ անցկացնել: Պաշտոնական հայտարարությունից մի քանի օր անց Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ նրա փոխարեն վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը: Այս նշանակումից հետո քառյակն այլեւս ոչ մի ոչինչ չի պահանջում: