Ֆրանսիայի Լե-Սելյե քաղաքի մերձակայքում հայտնի կատակերգու դերասան Լուի դը Ֆյունեսի ստեղծագործություններին նվիրված թանգարան է բացվել: Այն 1967թ.` փառքի գագաթնակետին դերասանի կողմից ձեռք բերված Կլերմոն հսկայական առանձնատան հարեւանությամբ է գտնվում: Նշենք, որ արվեստի գործիչը մինչեւ կյանքի վերջ հիշյալ առանձնատանն է ապրել:
Թանգարանն ի սկզբանե 2013թ. ամռանը` Լե-Սելյե քաղաքում էր բացվել եւ երկու սենյականոց բնակարան էր զբաղեցնում, որտեղ 5 ամիսների ընթացքում 5 հազար այցելու է գրանցվել: Ավելի ուշ թանգարանի համար առանձնատան շենքին հարող ջերմոցի տարածքն է վարձակալվել:
Թանգարանում դը Ֆյունեսի մասնակցությամբ ժապավեններից ուրախ երաժշտություն է լսվում: Պատերին կատակերգուի անձնական իրերն են, լուսանկարներ, զգեստներ եւ կեղծամներ, որոնք օգտագործվել են ֆիլմերում, ինչպես նաեւ բազմաթիվ կինոպաստառներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Թանգարանին բազմաթիվ արժեքավոր ցուցանմուշներ են փոխանցել դը Ֆյունեսի որդիները` Օլիվիեն եւ Պատրիկը: Այստեղ կարելի է նույնիսկ դերասանի ձկնորսական պարագաները տեսնել:
Լե-Սելյեում, որտեղ 1983թ. 68 տարեկան հասակում մահացած դը Ֆյունեսի գերեզմանն է գտնվում, դերասանը դեռեւս չափազանց մեծ հեղինակություն է վայելում: Նրան հաճախ են հիշում, հատկապես նրանք, ովքեր «փոքրիլ Լուիի» հետ, ինչպես կատակերգուին տեղացիներին են անվանում, ձկնորսության են մեկնել:




























