Հայաստանը պետք է կապերը ամրապնդի Բելառուսի եւ Ղազախստանի հետ եւ նվաճի նրանց համակրանքը Մաքսային միությունում: Այս մասին մայիսի 1-ի մամուլի ասուլիսում հայտարարել է  Հայաստանի գործատուների միության  գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը: Ըստ նրա՝ որքան խորն են տնտեսական ինտեգրումն ու փոխադարձ շահերը, այնքան մեծ է Հայաստանի կշիռը Աստանայի եւ Մինսկի համար:

Այժմ Հայաստանի առեւտուրը առաջին հերթին Ռուսաստանի հետ է (23%): Բելառուսին բաժին է ընկնում 0,8%-ը, իսկ Ղազախստանին՝ 0,2%-ը:  

Ըստ նրա՝ Բելառուսի հետ համագործակցությունից, ուր ինքը վերջերս է եղել, կարելի է ավելին  ակնկալել: Պատճառը բելառուսական ապրանքների բարձր որակն է, ինչպես նաեւ շահավետ վարկերը, որոնք տրվում են արտասահմանյան ընկերություններին՝ բելառուսական մեքենաներ եւ սարքավորում գնելու համար: «Կողքից կարող է թվալ, թե Բելառուսը հետամնաց երկիր է, որի հետ ոչ մեկը չի ցանկանում գործ ունենալ: Սակայն այնտեղ սառնարաններ են արտադրում ֆինների հետ, իսկ մեքենաների եւ տեխնիկայի համար օգտագործում են գերմանական  արտադրանք: Այնպես որ համագործակցությունն Արեւմուտքի հետ ակնհայտ է», - հայտարարել է Մակարյանը:

Միությունը մատչելի տեխնոլոգիաներ ներմուծելու նպատակով բանակցություններ է վարել նաեւ ֆրանսիացի գործընկերների հետ: Հայկական կողմին հետաքրքրում են «second hand» արեւմտյան տեխնոլոգիաները, որը կարելի է ձեռք բերել մատչելի գներով: «Արեւմուտքում քաջալերում են հին սարքավորումներից ազատվելը: Մենք ցանկանում ենք ուսումնասիրել՝ տրամադրվում են արդյոք դրա համար եվրոպական արտադրողներին առավելություններ: Կշահեն եւ նրանք, եւ մենք: Նրանք կկարողանան ազատվել հին սարքավորումներից, իսկ մենք կկարողանանք մեզ մոտ եվրոպական տեխնոլոգիաներ ներդնել: Թեկուզ երկրորդ ձեռք, սակայն սկզբի համար դա էլ է լավ», - նշել է Մակարյանը: