ԽՍՀՄ դրոշներով ռուսամետ ակտիվիստները Ուկրաինայի Զապորոժիեում փողոց են ելել՝ Ուկրաինայի դաշնայնացման հարցով հանրաքվեի անցկացում պահանջելով:

 «Մենք արդար հանրաքվե ենք ցանկանում: Եթե քաղաքացիների մեծ մասը դեմ քվեարկի դաշնայնացմանը, մենք չենք վիճի, սակայն չեն թողնում հանրաքվե անցկացնել», - հայտարարել են հանրահավաքի ակտիվիստները, հայտնում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով «Ազատություն» ռադիոն:

Հանրահավաքին ներկա են եղել նաեւ Մարքս-լենինյան ակումբի ներկայացուցիչները: Հրապարակում նրանք բարձրացրել էին ԽՍՀՄ դրոշը: Մյուս ցուցարարները բարձրացրել էին Կոմկուսի տասնյակ դրոշներ: Ուկրաինայի ոչ մի դրոշ չի եղել: Ցույցի ժամանակ գեորգիեւյան ժապավեններով երիտասարդները բերել են կապտադեղին դրոշ, սակայն հրապարակում այն չեն բարձրացրել:

«Այսպիսի հավաքներ չեն անցկացվում, քանի որ այս իշխանությունը հանցավոր է եւ փորձում է ճնշել արեւելքի տասնյակ հազարավոր քաղաքացիների կամարտահայտումը», - նշել է ՈՒԿԿ-ի շրջկոմի  առաջին քարտուղար Ալեքսեյ Բաբուրինը:

Մայիսի 1-ի միջոցառումները Զապորոժիեում անցել են առանց բախումների: Ինքնապաշտպանությունը եւ Ավտոմայդանը շարունակում են հերթապահել քաղաքի փողոցներում: