NEWS.am-ը մեջբերում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիոթ Էնգելի նամակը, որն ուղարկվել է «The Riverdale Press» թերթին:

Կոնգրեսի երկպալատ պատվիրակության հետ ես վերջերս եմ վերադարձել Հայաստանից, որտեղ հնարավորություն ունեցա ներկա գտնվել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:  Դա պատմության ամենաարյունոտ դարի սահմռկեցուցիչ գլուխն է, որը սկսվել է 1915թ., հանգեցրել 1,5 մլն անմեղ հայերի կոտորածին:

Այդ սպանությունները սարսափելի ողբերգություն էին հայ ժողովրդի համար, որը  նախկինի պես կրում է այդ սպիները, իսկ հայերի նկատմամբ բարբարոսությունները բացեցին ցեղասպանությունների եւ էթնիկ զտումների մի դարաշրջան:  Հիտլերը մի անգամ հեգնել էր. «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում Հայոց ցեղասպանության մասին» , եւ մենք կապ ենք տեսնում հայերի նկատմամբ անտարբերության եւ վեց միլիոն հրեաների սպանության միջեւ: Այս նույն մտածելակերպն անցյալ դարում ազդել էր նաեւ բազմաթիվ հանցավոր առաջնորդների վրա, որոնք վստահ էին, որ իրենք անպատիժ կարող են սպանել եւ դաժան վարվել իրենց ժողովրդի հետ: Մենք պարտք ունենք պատմության եւ մարդկության առաջ՝  հիշել Հայոց ցեղասպանությունը՝ հանուն նրանց եւ հանուն մեզ:

Թուրքիան առնվազն պետք է ներողություն խնդրի հայերից եւ ընդունի իր նախնիների ոճրագործությունները: Իր ցավակցությունները հայտնելով՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկար սպասված մի քայլ է արել, սակայն նրա խոսքերը  պաշտոնական ներողություն չեն: Թուրքիան պարտավոր է դա անել նաեւ իր համար, քանի որ թուրք հասարակությունն ավելի ուժեղ կլինի՝ ճանաչելով ճշմարտությունը: Ես ցանկանում են հայ ժողովրդին իմ խոր ցավակցությունը հայտնել: Եվ ես ասում եմ նրանց, ինչպես սովորաբար ասում ենք Հոլոքոստի մասին. «Այլեւս երբեք»: