Վրաստանի իշխանությունները չեն պատրաստվում ընդունել որեւէ օրենք, որը սպառնալիք է ստեղծում ուղղափառության համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:

«Ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ մենք երբեք չենք ընդունի օրենք, որը վտանգ է ստեղծում մեր արժեքներին, ավանդույթներին ու ուղղափառությանը»,-հայտարարել է վարչապետը՝ մեկնաբանելով խտրականության դեմ ուղղված օրինագծի հետ կապված հարցը: Նրա խոսքով՝ հասարակական շրջանակներում այդ օրինագծի հետ կապված քննադատությունն ու մտահոգությունները տեղեկատվության պակասի արդյունք են:

«Նրանք տեղեկատվություն չունեն, թե ինչ է ենթադրում խտրականության դեմ ուղղված օրինագիծը: Այստեղ խոսքը փոքրամասնությունների, այդ թվում սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին է: Օրենքը կարգավորում է նաեւ այլ փոքրամասնությունների, այդ թվում սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց իրավունքները: Ինձ համար անհասկանալի է բարձրացված աղմուկը: Մենք անպայման կընդունենք այդ օրենքը, քանի որ ցանկանում ենք Վրաստանը դարձնել ժամանակակից, արդիական եւ ուժեղ պետություն: Մենք կապացուցենք ողջ աշխարհին, որ ուժեղ ազգ ենք»,-ասել է վարչապետը, հաղորդում է «Գռուզիա Online»-ը: