Վրաստանում Հյուսիսատլանտյան դաշինքի հակահրթիռային համակարգեր տեղակայելու նախաձեռնությունը լուրջ չէ: Նման հայտարարություն է արել ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի` Վաշինգթոնում հնչեցրած առաջարկությունը:

Փորձագետի խոսքով, սա այն մասին է վկայում, որ Վրաստանը ցանկանում է դառնալ այն երկրների խմբի անդամ, որտեղ հակահրթիռային համակարգեր կան տեղակայված: «Վրաստանը հիշեցրել է իր մասին: Սակայն, մի շարք գործոններ հաշվի առնելով, այդ գաղափարը դժվար է լուրջ համարել»,-նշել է Արկադի Գրիգորյանը, հավելելով, որ այդ համակարգերը Միացյալ Նահանգների սեփականությունն են եւ տեղակայվում են այս կամ այնտեղ` ելնելով բացառապես այդ երկրի շահերից: Բացի այդ նա հիշեցրել է, որ այն երկրների ցանկը, որտեղ տեղակայված են նման համակարգեր, խիստ սահմանափակ է:

Վաշինգթոնում անցկացված միջազգային համաժողովի ընթացքում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Հյուսիսատլանտյան դաշինքին կոչ էր արել Վրաստանում, ինչպես նաեւ դաշինքի մի շարք այլ ասպիրանտ-երկրներում ամերիկյան պաշտպանական համակարգեր տեղակայել: Դաշինքի գլխավոր քարտուղարի` Հարավային Կովկասում եւ Միջին Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպաթուրայը հայտարարել էր, որ նախարար Ալասանիայի կոչն ընդունվել է եւ քննության կառնվի: