Փաստաբանների ակցիան նպատակ ուներ հիշեցնելու քաղաքացիներին, որ իրենց իրավունքների մասին իրազեկվելով՝ պաշտպանված կլինեն աշխատանքային իրավահարաբերություններում (ֆոտոռեպորտաժ

Գործատու և աշխատող հարաբերություններում Հայաստանում ամենախոցելին միշտ աշխատողն է: Այս մասին մայիսի 1-ին՝ աշխատավորների միջազգային օրը Երևանի Հյուսիսային  պողոտայում կազմակերպված աշխատավորների իրավունքների իրազեկման երթին ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

«Այսօր աշխատանքային օրենսգրքի մի շարք կետեր խախտվում են, օրինակ, եթե կինը հղի է, ապա աշխատանքի ընդունվելու նրա հնարավորությունը բավական փոքր է: Նաև հայ աշխատողը հաճախ բախվում է աշխատանքից հեռացվելու խնդրի հետ, բայց հայ աշխատողը պետք է իմանա, որ օրենգիրքը լավ պայմաններ է ստեղծում պաշտպանվելու համար», - ասաց Արա Զոհրաբյանը։

Իսկ ակցիայի մասնակիցներից Մարինե Ֆարմանյանը նշեց, որ եթե քաղաքացին ցանկանում է պաշտպանված լինել, ապա պետք է ծանոթ լինի աշխատանքային օրեսգրքին։

«Այսօր հատկապես կարևոր է փորձաշրջանին վերաբերող տեղեկատվության հասանելիությունը, թե ինչպես աշխատողն իր գործատուի հետ պետք է կարգավորի աշխատանքային հարաբերությունները»,- NEWS.am-ին ասաց Փաստաբանների պալատի անդամ Մարինե Ֆարմանյանը։

Իրազեկման ակցիայի վերջում կազմակերպիչները անցորդներին բաժանեցին ինֆորմացիոն թերթիկներ, որոնց միջոցով քաղաքացիները կարող են տեղեկություններ ստանալ աշխատանքային օրենգրքի, ինչպես նաև գործատու և աշխատող իրավահարաբերությունների վերաբերյալ: