Անցած տարի Հայաստանում մամուլի ազատությունը հետընթաց է գրանցել: «Freedom House» կազմակերպությունը հրապարակել է«Մամուլի ազատությունն աշխարհում - 2014» ամենամյա զեկույցը, որտեղ ասված է, որ մամուլի ազատությունն ամբողջ աշխարհում գտնվում է «գտնվում է տասը տարվա ընթացքում գրանցված ամենացածր մակարդակի վրա»:

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, նախորդ զեկույցի համեմատությամբ՝ Հայաստանում մամուլի ազատության վարկանիշը նվազել է մեկ միավորով, եւ նախորդ տարվա 61 միավորի փոխարեն այժմ կազմում է 62 միավոր։ Աշխարհի պետությունների շարքում Հայաստանը զբաղեցնում է 134-րդ տեղը, եւ, ըստ «Մամուլի ազատությունն աշխարհում - 2014» ամենամյա զեկույցի գնահատականի համաձայն, երկրում մամուլը ոչ ազատ է:

«Մամուլի ազատությունը» նախագծի տնօրեն Քարին Քարլեքարի վկայությամբ՝ 2013 թվականին մամուլի ազատությունն ապրել է այնքան խորը անկում, որ աշխարհում այժմ յոթ մարդկանցից միայն մեկի համար է հասանելի ազատ մամուլը: Նրա համաձայն, մամուլի ազատության անկում ապրած ոլորտներում կառավարությունները միայնակ չեն գործել:

Իրավապաշտպան կազմակերպության զեկույցում նշվել է, որ մամուլի ազատության ցուցանիշի համաձայն, աշխարհի երկրների ընդհանուր թվից 32 տոկոսի մամուլը որակվել է «ազատ», 35-ի՝ «մասամբ ազատ», եւ 33-ի` «ոչ ազատ»:

Ըստ զեկույցի, աշխարհում մամուլի ազատության դեմ ամենամեծ բռնությունները գործադրող ութ պետություններից երեքը՝ Բելառուսը, Ուզբեկստանն ու Թուրքմենստանը, գտնվում են Եվրասիայում: «Տարածաշրջանում մտահոգություններ առաջացնող այլ պետություններից են Ռուսաստանն ու Ադրբեջանը», - գրում է «Freedom House»-ը:

«Ռուսաստանում լրագրողները բանտ են նետվել եւ ծեծի ենթարկվել: Ուկրաինայում լրագրողները բողոքի ցույց են անցկացրել՝ բռնությունների արդյունքում իրենց գործընկերների կողմից վնասվածքներ ստանալու պատճառով: Բելառուսում լրագրողները կրկին հայտնվել են դատարանում, նրանց դեմ գործադրված ճնշումների պատճառով ԵԱՀԿ-ի նման կազմակերպությունները հորդորել են դիմել անհապաղ միջոցների», - ասված է զեկույցում:

«Ադրբեջանում լրատվամիջոցների ոլորտում արդեն իսկ առկա ճնշող մթնոլորտն ավելի խորը անկում է գրանցել՝ կառավարության կողմից լրագրողների առցանց եւ հեռախոսային հաղորդագրությունների գաղտնալսման ծավալի ավելացման, պետական անվտանգության ծառայությունից փաստաթղթերի արտահոսքի հետ կապված՝ պատկերների փոխանցման համար օգտագործվող կայքի արգելափակման եւ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի արբանյակային հեռահաղորդակցմանը պետության կողմից միջամտության իրականացման հետեւանքով: Այդ պատճառով զեկույցում երկրի ցուցանիշն ակում է ապրել՝ 82-ից նվազելով 84 միավորի», - նշված է զեկույցում:

Եվրասիայի տարածաշրջանում, ըստ զեկույցի, մամուլի ազատության ոլորտում բարելավում է գրանցվել նաեւ Վրաստանում: Այսպես, նախորդ զեկույցում գրանցված 49 միավորից «Մամուլի ազատությունն աշխարհում - 2014» այդ երկրի ցուցանիշը բարձրացել է 47-ի՝ օրենսդրության մեջ գրանցված դրական փոփոխությունների եւ լրագրողների նկատմամբ ահաբեկման կամ բռնությունների դեպքերի սակավաթվության պատճառով: