Պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամների հերթական իրազեկման ակցիային չի խանգարել մայրաքաղաքում տեղացող հորդառատ անձրեւը։ Մայիսի 1-ին՝ 18:30-ին, նախաձեռնության անդամները, ինչպես ծրագրել էին, հավաքվել են Մատենադարանի մոտ, որտեղից սկսել են իրենց իրազեկման երթը:
Նրանք շնորհավորում են անցորդներին Աշխատավորների օրվա կապակցությամբ եւ կոչ են անում միանալ «ԴԵՄ ԵՄ» շարժմանը, թույլ չտալ, որ պետությունը «թալանի աշխատավորներին», պայքարել իրենց իրավունքների համար, որպեսզի կառուցեն իրավական երկիր:
«Վերջին շրջանում Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո լուրեր են պտտվում, թե «ԴԵՄ ԵՄ» թիմը պասիվացել է եւ այլեւս նախկինի պես չի պայքարում, բայց այդպես չէ, մենք եկել ենք մարդկանց կոչ անենք, որ մեզ միանան, եւ շնորհավորենք: Իշխանությունը ոչ մի քայլ առաջ չի անում, այլ քայլեր է անում դեպի հետ, դա է ցույց տալիս Հովիկ Աբրահամյանի ԱԺ-ին ներկայացրած նոր օրենքի նախագիծը։ Մենք շարունակելու ենք պայքարել, որովհետեւ մենք ենք մեր երկրի տերը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանուկ Զաքարյանը:
Նախաձեռնության մոտ 40 անդամներ թմբուկներ զարկելով «Դեմ ենք պարտադիրին», «Ոչ թալանին», «Միացեք» կոչերով ուժեղ անձրեւի տակ շրջում են փողոցներով, թռուցիկներ են բաժանում մարդկանց, ամրացնում մեքենաների դիմապակիներին:
«Պետք չէ ընկճվել, մեր պայքարը արդյունք է տալիս եւ շարունակում է արդյունք տալ, մենք մեր վերջնական հաղթանակին դեռ չենք հասել, այժմ հաղթում ենք ճակատամարտեր, սակայն գլխավոր պատերազմը դեռ չենք հաղթել»,-բարձրախոսով հայտարարում էր նախաձեռնության անդամ Սերգեյ Ղահրամանյանը:











