Մի խումբ քաղաքացիներ, որոնք իրենց անվանում են ձախ գաղափարարների կրողներ, Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ այսօր՝ մայիսի 1-ին, սոցիալիստական կոչերով Երեւանի Հանրապետության փողոցում՝ «Վերնիսաժում», հավաք անցկացրին՝ բարձրաձայնելով հասարակությունում առկա սոցիալական խնդիրները: Մոտ 30 քաղաքացիներ «անվճար կրթություն», «անվճար բուժօգնություն», «կապիտալիզմը հայրիշխանության գործիքն է», «ինքնավարություն, հավասարություն, սոլիդարություն» պաստառների ու թմբուկների զարկի միջոցով փորձեցին մարդկանց ուշադրությունը սեւեռել իրենց իրավունքների պաշտպանությանը։
«Այս կոչերն ուղղված են ոչ թե իշխանությանը, այլ հասարակությանը: Նրանք պետք է հիշեն, որ բուժօգնությունը կարող է և պետք է լինի անվճար, համայնքը պետք է լինի ինքնավար, որ մարդուց ու կոլեկտիվից լավ ոչ ոք չի կարող իմանալ, թե էդ կոլեկտիվի լավը որն է: Փորձեցինք արթնացնել հասարակությունը, կանչենք այն մարդկանց, որոնք հետաքրքրված են հասարակության զարգացմամբ »,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց միջոցառման մասնակիցներից Անտոն Իվչենկոն: Ինչպես նա ասաց, հետեւելով օրվա խորհրդին՝ իրենք փորձել են բարձրացնել այն խնդիրները, որոնք կան հասարակությունում եւ հասարակությանը չեն թողում զարգանալ:
«1886թ. աշխատավորները Չիկագոյում երթ և գործադուլ էին կազմակերպել՝ աշխատանքային օրը 8 ժամ դարձնելու պահանջով: Գործադուլը սադրանքով ցրել էին ոստիկանները: 4 հոգի մահապատժի էին դատապարտվել: 5 տարի անց ոստիկանությունն ընդունել էր, որ դա իր սադրանքն էր: Այդ ժամանակ երկրորդ ինտերնացիոնալը որոշել էր, որ ամեն տարվա մայիսի 1-ին աշխատավորները պետք է դուրս գան փողոցներ և սոցիալական կոչեր ներկայացնեն: Այդ պատճառով և մենք ենք այսօր դուրս եկել»,- ասաց Անտոն Իվչենկոն: Նրա խոսքով՝ այժմ աշխատավորները անպաշտպան են, նրանց հետ աշխատանքային պայմանագրեր չեն կնքվում, այդ պատճառով նրանց աշխատանքից կարող են հեշտությամբ ազատել:
Վերջում ակցիայի մասնակիցները կատարեցին սոցիալիստների հիմնը՝ «Ինտերնացիոնալը»։











