Հարավկորեական «Սեւոլ» լաստանավի խորտակման արդյունքում զոհված ուղեւորների թիվը 226-ի է հասել: Այս մասին հայտնել են Կորեայի հանրապետության` Չինդո կղզում տեղակայված օպերատիվ շտաբից: Եւս 76 մարդ անհետ կորած է համարվում: Մինչ այժմ մահացածների թիվը 210 էր:

Աղետի հանգամանքների հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ լաստանավի անձնակազմի անդամները, այդ թվում նաեւ` կապիտանը, առաջիններից մեկն են նավը լքել:

Բացի այդ, ճշտվել է, որ տեղյակ լինելով ծայրահեղ ծանր իրավիճակի մասին, անձնակազմը մինչեւ վերջին պահը նավի ուղեւորների տարհանման հրահանգ չի տվել:

Երկրի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ խորտակված «Սեւոլ» լաստանավի կապիտան Լի Չժուն Սոկի, նրա երրորդ օգնականի եւ ղեկի պատասխանատուի նկատմամբ կարող է անզգուշության հետեւանքով մահ պատճառելու հատկանիշներով քրեական գործ հարուցվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: