Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրում՝ կապված Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում Ուկրաինայի ուժայինների կողմից «պատժիչ գործողությունների» հետ: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի մամուլի ծառայության ղեկավար Ալեքսեյ Զայցեւը:

«Նիստը նախատեսվում է հրավիրել առավոտյան»,-ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր՝ մայիսի 2-ի առավոտյան, Սլավյանսկում միացվել է ազդանշանային համակարգը, որը տեղեկացրել է Ուկրաինայի իշխանությունների կողմից երկրի դաշնայնացման կողմնակիցների նկատմամբ հատուկ գործողության ակտիվ փուլի սկսման մասին, հրաձգություն է սկսվել:

Սլավյանսկի ինքնապաշտպանությունը հայտարարել է իր հենակետերի եւ երկաթուղային կայարանի վրա հարձակման մասին, որտեղ գտնվել են զինված ապստամբները: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ ուժայինները իրենց վերահսկողության տակ են վերցրել Սլավյանսկը:

Ուկրաինայի ՆԳՆ-ում հայտնել են 10 հենակետերի՝ իրենց հսկողության տակ վերցնելու մասին: Ուկրաինայի ազգային գվարդիան տեղեկացրել է, որ «փաստացի մաքրել է քաղաքն ահաբեկիչներից»: