Ֆրանսիացի օդաչուների հիմնական արհմիությունը՝ SNPL-ն, հայտարարել է գործադուլը չեղյալ հայտարարելու մասին, որը պիտի դառնար երկրի պատմության մեջ ամենամասշտաբային գործադուլը: Ավելի վաղ պլանավորվել էր, որ գործադուլը պետք է տեղի ունենա մայիսի 3-30-ը: Օդաչուներն ու իրենց արհմիությունները պատրաստվում էին բողոքել Ֆրանսիայում ընդունված օրենքի դեմ, որը պարտադրում է գործադուլի բոլոր մասնակիցներին նախապես տեղեկացնել իրենց մասնակցության մասին: Դա թույլ է տալիս, մասնավորապես, տարբեր ավիաընկերությունների փաստացի զրոյի հավասարեցնել նման բողոքի ակցիաների ազդեցությունը՝ գործադուլի մասնակիցներին փոխարինելով այլ աշխատակիցներով, որոնք մտադիր չեն խոչընդոտել ավիափոխադրողների նորմալ աշխատանքին:

Գործադուլը չեղյալ հայտարարելու որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ կառավարությունը արհմիությունների ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ ընդունել է, որ նման պրակտիկան անընդունելի է եւ խոստացել է վերանայել օրենքը: Բացի այդ, արհմիությանը հաջողվել է հասնել հատուկ խորհրդարանական խմբի ստեղծման մասին պայմանավորվածության, որը կքննարկի օդային տրանսպորտի վրա հարկերի նվազեցման հարցը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Agence France Presse-ը: