«S.O.S Սեւան» նախաձեռնության «Փրկենք Սեւանը» պայքարին, բացի Երեւանի եւ Գեղարքունիքի մարզերից միացել են նաեւ ՀՀ Լոռու, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Արարատի մարզերը, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Ինչպես տեղեկացնում է Երեւանի Օրհուս կենտրոնը, մարզերի Օրհուս կենտրոններում այս օրերին անցկացվել են միջոցառումներ Սեւանա լճի վերաբերյալ:
Ապրիլի 29-ին Կապանի Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կլոր սեղան «Սեւանը մեր օգնության կարիքն ունի» թեմայով: «Մեղու», «Խուստուփ», «Վերադարձ» երիտասարդական շարժում ՀԿ-ները միացել են Սեւանա լճի համար մղվող պայքարին:
ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում Ստեփանավանի Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ ապրիլի 30-ից մեկնարկել է ստորագրահավաք: Հավաքվել է 19 ստորագրություն: Ստորագրահավաքը շարունակվում է:
Նախաձեռնությանն իր աջակցությունն է հայտնել նաեւ ՀՀ Կոտայքի մարզի «Առողջ Հրազդան» խումբը: «S.O.S Սեւան» նախաձեռնության հարգելի ընկերներ, «Առողջ Հրազդան» խումբը լիովին կիսում է ձեր մտահոգությունները Սեւանին սպառնացող նոր մարտահրավերների հարցում: Սեւանի փրկության խնդիրը Հայաստան աշխարհն անմնացորդ սիրող, նրա ներկայով ու ապագայով նախանձախնդիր յուրաքանչյուրի խնդիրն է, եւ մենք մեր ամբողջ ներուժով զորակցում ենք ձեզ ձեր նախաձեռնություններում»,-ասված է խմբի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ www.change.org կայքում Սեւանի փրկության համար հավաքվել է 1339 ստորագրություն։ Ստորագրահավաքին հնարավոր է մասնակցել՝ հետեւելով այս հղմանը http://chn.ge/1nsbWoH:
Հիշեցնենք, որ «S.O.S Սեւան» նախաձեռնությունը պայքարում է Սեւանա լճին սպառնացող երկու կառավարական որոշումների դեմ: Դրանք ենք՝«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, որով Սեւանա լճից այս տարի առավելագույն 170 միլիոն խմ ծավալով ջրառը կավելանա` հասնելով մինչեւ 240 միլիոն խմ-ի: Երկրորդը՝ «Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրն» է, որի համաձայն` Սեւանա լճում 50 000 տոննա արհեստական կերի հաշվին աճեցվելու է տարեկան 50 000 տոննա ձուկ:



























