ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստ են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե իրավիճակն Ուկրաինայում չկայունանա մինչեւ մայիսի 25-ին այնտեղ կայանալիք նախագահական ընտրությունները: Մերկելն ընդգծել է, որ Մոսկվան չի նպաստել ժնեւյան համաձայնագրերի կատարմանը, ուստի Գերմանիան եւ ԵՄ-ի նրա մյուս գործընկերները պատրաստ են «երրորդ մակարդակի» պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ:

Իր հերթին ԱՄՆ նախագահ Օբաման ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն, եթե Մոսկվան խոչընդոտի նախագահական ընտրություններին, հաղորդում է Reuters-ը:

«Ռուսաստանը պետք է օգտագործի իր ազդեցությունը»,-հայտարարել է Օբաման՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել ԵԱՀԿ դիտորդներին, որոնց պահում են Սլավյանսկում: «Կիեւի կառավարությունն իրավունք ունի կարգուկանոն հաստատել երկրի արեւելքում»,-հայտարարել է նա: