ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ նիստ է անցկացնում Ուկրաինայի իրավիճակի հարցով, որը նախաձեռնել է ռուսական կողմը, հաղորդում է «Էխո Մոսվին»:

Հանդիպման ժամանակ Մոսկվան պահանջում է դադարեցնել բռնությունը Ուկրաինայի հարավ-արեւելքում: «Եթե անհապաղ չդադարեցվի Կիեւի հանցավոր արկածախնդրությունը, երկրի համար աղետալի հետեւանքներից հնարավոր չի լինի խուսափել»,-հայտարարել է ՄԱԿ-ում ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Նա նշել է, որ Կիեւը խախտել է ապրիլի 17-ին ժնեւյան համաձայնություններով ստանձնած պարտավորությունները:

Բացի այդ, Չուրկինը հավելել է, որ Ռուսաստանը հնարավոր չի համարում որեւէ միջամտություն Ուկրաինայի գործերին: «Աջակցելով Կիեւում պետական հեղաշրջման կազմակերպիչներին, ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն իրենց վրա մեծ պատասխանատվություն են վերցնում, փաստացի կտրում են ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման ուղիները»,-ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
ՄԱԿ-ի ԱԽ նիստում արդեն ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը, որը հայտարարել է, որ մտադիր է հաջորդ շաբաթ այցելել Կիեւ, իսկ հետո՝ Մոսկվա: