Ուկրաինայի Օդեսա քաղաքում Ուկրաինայի միասնականության կողմնակիցների եւ ռուսամետ ակտիվիստների միջեւ բախումների հետեւանքով 4 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է քաղաքի ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Տատյանա Խմելնիցկայան, հաղորդում է Censor.net-ը:

Մահվան պատճառները չեն նշվում, դեպքի վայրում աշխատում են փորձագետներն ու բժիշկները: Հայտնի է նաեւ երեք վիրավոր ոստիկանների մասին: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վիրավորների մեջ է Օդեսայի ոստիկանության պետի տեղակալ Դմիտրի Ֆուչուջին:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 2-ին, Օդեսայի Ալեքսանդրովյան պողոտայում մի խումբ ռուսամետ ակտիվիստներ են հավաքվել, շատերը դիմակներով ու մահակներով: Նրանք կանգնեցրել են «Հանուն միասնական Ուկրաինայի» երթը եւ ծեծկռտուք է սկսվել: Բախման ընթացքում օգտագործվել են քարեր, «Մոլոտովի կոկտեյլներ» եւ պայթուցիկը սարքեր:

Հարուցվել է քրեական գործ «Զանգվածային անկարգություններ» հոդվածի հատկանիշներով: