Հնդկաստանի արեւելքում գտնվող Ասսամ նահանգի Բակսա շրջանում մայիսի 3-ին Բոդոլենդի ազգային ժողովրդավարական ճակատ անջատողական կազմակերպության գրոհայինների կազմակերպած հարձակումների արդյունքում 9 մարդ է մահացել: Ինչպես The Times of India թերթն է հայտնում, վերջին երկու օրերին անջատողականների հարձակումներին զոհ է գնացել 32 մարդ:
Բոլոր զոհվածները մահմեդականներ են, այդ թվում` կանայք եւ երեխաներ: Մայիսի 2-ին Ասսամ նահանգի իշխանությունները տեղական ժամանակով ժամը 18:00-ից մինչեւ 04:00 պարետային ժամ են հայտարարել, ինչպես նաեւ զինվորականների օգնությանը դիմել` իրադրության կարգավորման հանար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Անվտանգության ուժերը հանցագործների ձերբակալմանն ուղղված լայնածավալ հատուկ գործողություններ են սկսել: Ոստիկանությանը հաջողվել է մահմեդականների վրա իրականացված հարձակումները կազմակերպելու կասկածանքով շուրջ 20 մարդու բերման ենթարկել:
Բոդոլենդի ազգային ժողովրդավարական ճակատը պայքար է մղում նահանգի բնակչության 13 տոկոսը կազմող բոդո ազգության տարածքը Ասսամից անջատելու համար: 2005թ. խմբավորման անդամները զինադադար էին կնքել իշխանությունների հետ այն բանից հետո, երբ կառավարությունը համաձայնել էր ռեգիոնին բարձր ինքնավարությամբ հատուկ կարգավիճակ տրամադրել:




























