Աֆղանստանի Բադաշխան նահանգի ներկայացուցիչ Շազա Վալիուլլա Ադիբան հաստատել է, որ տեղի ունեցած սողանքի արդյունքում զոհվել է ավելի քան 2100 մարդ, հաղորդում «Ռոյթերս» գործակալությունը:

Սողանքը մայիսի 2-ին, տեղակայան ժամանակով ժամը մոտավորապես 13:00-ին լեռան ստորոտին գտնվող Հոբո Բարիկ գյուղի ուղղությամբ է թափվել: Շուրջ 100 մարդ փրկվել եւ հիվանդանոց է տեղափոխվել, շարունակվում են տուժածների որոնողական աշխատանքները: Մահացածների թվում կանայք եւ երեխաներ կան: Հաղորդվում է, որ գյուղում մոտ 1000 ընտանիք է ապրում, առնվազն 300 տուն վնասվել է, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

ՄԱԿ-ի հաղորդմամբ, ավելի քան 4 հազար մարդ ողբերգության պատճառով անօթեւան է մնացել:

Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին, որ երկրի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը կարող է 2,5 հազարի հասնել:

Աֆղանստանում գետերի վարարումից առաջացած ջրհեղեղները եւ սողանքները պարբերաբար ավերվածությունների եւ մարդկանց մահվան պատճառ են դառնում: Ապրիլի վերջին օրերին տեղատարափ անձրեւների արդյունքում լեռնային գետերի վարարում էր գրանցվել երկրի հյուսիսային Բալխ նահանգում, ինչի արդյունքում հեղեղվել էր Մազարի-Շարիֆ քաղաքի օդանավակայանը: