Հարավկորեական «Շարժում հանուն Կորեայի ազատության» ասոցիացիայի անդամները ԿԺԴՀ-ին սահմանակից շրջաններից մեկ դոլարանոց թղթադրամներով, թերթիկներով եւ Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների խախտումների մասին պատմող տեսասկավառակներով բեռնված փուչիկներ են բաց թողել, հաղորդում է «Ռենխապ» գործակալությունը: 

Ակտիվիստները տասը մեծ չափերի փուչիկներին ընդհանուր առմամբ 200 հազար թերթիկներ եւ 2 հազար թղթադրամներ են կապել: Ուղարկված տեսասկավառակներում եւ բրոշյուրներում, բացի ԿԺԴՀ-ում տիրող իրավիճակից, անդրադարձ է արվում նաեւ Հարավային Կորեայում գրանցվող տնտեսական աճի ցուցանիշներին, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին: 

«Շարժում հանուն Կորեայի ազատության» ասոցիացիան ԿԺԴՀ-ից Հարավային Կորեա ներգաղթած քաղաքացիներին է միավորում: Ակտիվիստների շարքում նաեւ կորեական եւ չինական ծագմամբ  ԱՄՆ քաղաքացիներ կան:

Նախորդ նմանատիպ ակցիան հունվարի 15-ին էր կազմակերպվել: Հյուսիսկորեական իշխանությունները դրանք սադրիչ գործողություններ էին որակել, սակայն Սեուլը հերքել էր իր առնչությունը: