Արաբական Միացյալ Էմիրությունների բնակիչներն ու հյուրերը ժամանակի մեծ մասը լողափին են անցկացնում: Երկրի իշխանություններն այն եզրահանգման են եկել, որ հանգստի նման ձեւը չի նպաստում մտավոր զարգացմանը եւ որոշել են մշակույթը զանգվածներին հենց Պարսից ծոցի լողափներում հասցնել: Ինչպես National թերթն է հաղորդում, արեւի ու ավազի սիրահարներն այսուհետ կարող են գիրք չբերել իրենց հետ, քանի որ նրանց տրամադրության տակ լողափային գրադարանների ծառայություն է լինելու:
Առաջին նման հաստատությունը Աբու-Դաբիի կենտրոնում գտնվող ընտանեկան լողափներից մեկում է բացվել: Այնտեղ յուրաքանչյուրը կարող է ընթերցասրահի բաժանորդ դառնալ: Գրադարանի դարակներում առանձնակի տեղ են զբաղեցնում ԱՄԷ-ի պատմությանն ու մշակույթին վերաբերող գրքերը, ինքնակենսագրական հրատարակչություններ, լուսակնարների ալբոմներ: Հասանելի են նաեւ համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործություններ, ինչպես նաեւ բազմաթիվ մանկական գրքեր: Բացի այդ, այցելուների տրամադրության տակ են գերժամանակակից համակարգիչներ ու պլանշետներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Հարցվածների 90 տոկոսից ավելին հավանություն են տվել գաղափարին: Գրադարանի տեղում առաջ սովորական խանութ էր, որի նման միլիոնները կան մեր երկրում: Հիմա արդեն մարդիկ կարող են ոչ միայն արեւային լոգանք ընդունել, այլ նաեւ` գրքեր կարդալ»,- National-ին տված հարցազրույցին ընդգծել է Աբու-Դաբիի քաղաքապետարանի ներկայացուցիչ Ադել ալ-Ռաբիաան:
Թերթի տվյալներով, էմիրաթի իշխանությունները մտադիր են նմանատիպ «կրթական կետերի» մի ամբողջ ցանց ստեղծել: «Յուրաքանչյուրը ցանկության դեպքում կարող է ազատ ժամին եւ ցանկացած վայրում ինքնակրթությամբ զբաղվել ու պահանջվող տեղեկատվությունը ստանալ: Մենք ժամանակակից տեղեկատվական հասարակություն ենք ձեւավորում եւ շարունակաբար նոր կրթական կենտրոններ ենք ստեղծելու»- հայտարարել է ԱՄԷ մշակույթի նախարար շեյխ Նահայան բեն Մուբարաք ալ-Նահայանը:



























