Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի արեւմտյան թեւի անդամները Գլենդեյլում հանդիպում են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի հետ` Լեռնային Ղարաբաղի ապագայի առնչությամբ մտքեր փոխանակելու նպատակով, հաղորդում է «Ասպարեզը»: 

Դեսպանի հետ հանդիպման ընթացքում հայ-ամերիկյան կազմակերպության ղեկավարները մի քանի կարեւոր հարց են բարձրացրել եւ հայկական համայնքի անկոտրում ու միաձայն դիրքորոշումը հայտնել, որ ԼՂ խնդրի արդարացի լուծումը պետք է ոչ պակաս, քան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության լիարժեք միջազգային ճանաչումը ներառի: Դեսպան Ուորլիքն իր աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի` «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազնիվ միջնորդի» հովանու տակ ընթացող գործընթացներին եւ տարածաշրջանին խաղաղություն ու բարգավաճում խոստացող լուծման որոնումներին իր հավատարմությունը հայտնել:

ANCA-ի արեւմտյան բաժնի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո դեսպանը մեկ այլ` երիտասարդական կազմակերպությունների, այդ թվում նաեւ`Հայկական երիտասարդական ֆեդերացիայի արեւմտյան բաժնի եւ ՀՅԴ «Շանթ» ուսանողական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման է մեկնել: Այնուհետեւ Ուորլիքը ընդունելություն է կազմակերպել Հայկական մշակութային հիմնադրամի գլխավոր գրասենյակում` հենակետ ապահովելով համայնքային կազմակերպությունների եւ առաջնորդների` դեսպանի հետ հանդիպման համար:

Ջեյմս Ուորլիքը նաեւ Ռոզա եւ Ալեքսա Փիլիբոսների անվան հայկական դպրոց է այլցելել, որտեղ նախ հյուրընկալել է 4-րդ եւ 6-րդ դասարանցիներին, ապա 8-րդ, 10-րդ եւ 12-րդ դասարանցիների մասնակցությամբ ընդհանուր հավաքին մասնակցել: Հանդիպումների շարքը Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի Արեւմտյան թեմ այցելությամբ է ավարտվել: Արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանի հետ զրույցի ընթացքում մշակութային ժառանգության պահպանմանը եւ եկեղեցիների ու գերեզմանոցների ավերմանը վերաբերող հարցեր են քննարկվել: