Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը Դոնեցկի մարզում իրականացված հակաահաբեկչական գործողությունների, ինչպես նաեւ Օդեսայում հրահրված զանգվածային բախումների ընթացքում մարդկանց մահվան կապակցությամբ Ուկրաինայում երկօրյա սուգ հայտարարելու մասին որոշում է ստորագրել:

«Մայիսի 2-ը ողբերգական օր դարձավ Ուկրաինայի համար: Ես Ուկրաինայում երկօրյա սուգ հայտարարելու մասին որոշում եմ կայացրել` այն հերոսների համար, որոնք զոհվեցին հակաահաբեկչական գործողությունների ընթացքում եւ այն մարդկանց համար, ովքեր Օդեսսայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհը դարձան»,- Տուրչինովի խոսքերն է մեջբերել Գերագույն Ռադայի մամուլի ծառայությունը:

Մայիսի 2-ին Օդեսայում զանգվածային անկարգություններ եւ Մայդանի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ բախումներ էին սկսվել, որոնք արդյունքում ավելի քան 40 մարդ է մահացել: