Մոնակոյի իշխան  Ալբեր II-ը, ինչպես նաեւ Գրիմալդի տոհմի այլ ներկայացուցիչներ որոշել են այս տարի բոյկոտել Կաննի փառատոնը, հայտնում է Agence France-Presse-ը։

Պատճառը «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմն է, որով կազմակերպիչները որոշել են բացել 67-րդ փառատոնը։
Ֆիլմը, որի գլխավոր դերակատարներն են Թիմ Ռոթը եւ Նիկոլ Քիդմանը, պատմում է Մոնակոյի կառավարիչ Ռենյե III-ի եւ ամերիկացի դերասանուհի Գրեյս Քելիի մասին, որը 1956թ. ամուսնությունից հետո դարձել էր Մոնակոյի իշխանուհի։
Ամենասկզբից էլ իշխանական տունը, առանց սցենարին ծանոթանալու, միանգամայն քննադատական դիրք էր բռնել հոլիվուդյան այդ ֆիլմի նկատմամբ։

Մոնակոյի ներկայիս իշխան Ալբեր II-ը եւ նրա քույրեր Կարոլինան եւ Ստեֆանիան պաշտոնական հաղորդագրություն են տարածել, որում ընդգծել են, որ  «ֆիլմը չի կարող կենսագրական համարվել»։  Նրանք նաեւ հայտարարել են, որ «պարզապես ապշել են»՝ ֆիլմի սցենարը ստանալով, ինչից հետո ցուցադրաբար հեռացել են նախագծից։ Մոնտե Կառլոյից հայտնել են, որ պրոդյուսերները ճշտումներով ցանկ են ստացել, որոնք պետք է կատարվեին սցենարում, սակայն դրանք բոլորը անտեսվել են։
Ի դեպ, ֆիլմի հեղինակները դրա պատմականությունը չեն պնդում։ Պրոդյուսեր Պիեռ Անժ Լե Պոգամը իրեն արդարացնելու համար նշել է, որ ֆիլմը ի սկզբանե որպես գեղարվեստական ֆիլմ էր մտահղացվել։ Ֆիլմը նպատակ չի ունեցել արտացոլել Մոնակոյի իշխանության իրական պատմությունը», - ընդգծել է նա։

Կաննի 67-րդ փառատոնը կանցկացվի մայիսի 14-25-ը։