Հնդկաստանում ոստիկանությունը 22 մարդու է ձերբակալել երկրի հյուսիսարեւելյան Ասամ նահանգում հակամահմեդական ջարդերին մասնակցելու համար, որոնց ընթացքում 29 մարդ էր զոհվել։ Այս մասին գրում է Fox News-ը՝ տեղի իշխանություններին վկայակոչելով։

«Անգամ հազիվ քայլող երկու տարեկան երեխային են սպանել։ Ես կյանքումս նման բան չէի տեսել», - հայտարարել է սահմանային հարցերով նախարար Սիդիկ Ահմեդը։

Նշվում է, որ հարձակման մեջ մեղադրում են Բոդո ցեղախմբի ներկայացուցիչներին: Դրա անդամները վաղուց դժգոհ են հարեւան Բանգլադեշից մահմեդականների՝ Ասամ ներթափանցելու համար, փոխանցում է Gazeta.ru-ն:

Հաղորդվում է, որ Ասամ նահանգում վերջին երեք տասնամյակի ընթացքում զոհվել է 10 հազար մարդ, որոնց մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են եղել: Ավելի վաղ Հնդկաստանի իշխանությունները որոշել էին բանակ ուղարկել Ասամ նահանգ, որտեղ սպանվել էր 32 մահմեդական: