Մամուլի ազատության ընդլայնման գործում լրատվամիջոցները եւս անելիք ունեն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցին նման տեսակետ է հայտնել իշխող Հանրապետական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Արտակ Զաքարյանը` մեկնաբանելով Freedom House-ի` 2014թ. համար ներկայացրած մամուլի ազատության վարկանիշային ցուցակը, որտեղ Հայաստանը շարունակում է ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում մնալ (134-րդ տեղը` 197-ից) եւ եւս մեկ տուգանային միավոր է վաստակել (62 բալ):
Զաքարյանի համոզմամբ, այդուհանդերձ անհրաժեշտ է նշել, որ նախորդ տարվա ընթացքում երկրում գործող լրատվամիջոցների խոսքի ազատության առաջընթաց է նկատվել:
«Իհարկե, ցավոք սրտի, արձանագրված առաջընթաց դեռ չկա: Նշանակում է` դեռ անելիք ունենք եւ մարդու իրավունքների, եւ ժողովրդավարության, եւ խոսքի ազատության ոլորտներում: Միեւնույն ժամանակ, կարծում եմ, անելիք ունեն հենց իրենք` լրատվամիջոցները` այն շահերի առնչությամբ, որոնցով առաջնորդվում են»,- հավելել է Զաքարյանը:
Խոսքի ազատության վրա ստվեր է նետում նաեւ մեկ-երկու կուսակցությունների ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցների մոտ տեսանելի գաղափարական շեղումը, հավելել է նա:



























