Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը մայիսի 3-ին Սյունիքի մարզում կազմակերպված «Ոչխարի խուզում 2014» փառատոնի ընթացքում փորձել է ոչխար խուզել: Լրագրողների հետ զրույցին ամերիկացի դիվանագետը խոստովանել է, որ երբեք չի մասնակցել նմանատիպ միջոցառումների, բայց այդուհանդերձ խիզախություն է գտել իր մեջ: Մասնագետների օգնությամբ Հեֆերնը փորձել է ոչխար խուզել, սակայն գործը մինչեւ վերջ չի հասցրել:
«Մի քանի ժամ դեռ այստեղ եմ լինելու եւ անելու եմ այն ամենը, ինչ մարդիկ կցանկանան, որ անեմ»,- «ծանր» փորձությունից հետո հումորով նշել է ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարը: Բացի այդ, դեսպանը տեղեկացրել է, որ դա իր առաջին այցելությունը չէ տարածաշրջան եւ որ սիրում է այնտեղ լինել:
«Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամը նմանատիպ միջոցառումներ է կազմակերպում հանրապետության ողջ տարածքում: Եվ դա շատ կարեւոր է»,- ընդգծել է Հեֆերնը` հիշեցնելով, որ միջոռացման եւս մեկ կազմակերպիչ է հանդիսանում «Հայաստանի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամը` Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ, ով շատ բան է արել Սյունիքի մարզի զարգացման համար:
\
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am



























