Մայիսի 3-ին հեռախոսային խոսակցություն է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի միջեւ: Այս մասին տեղեկություն է տարածել ՌԴ արտաքին գործերի գերատեսչությունը:

Ռուսական ԱԳՆ տվյալներով, Լավրովը «Միացյալ Նահանգներին կոչ է արել օգտագործել ողջ ազդեցությունը` իրենց իսկ կողմից հովանավորվող եւ սեփական ժողովրդի պատերազմ հայտարարած Կիեւի ռեժիմին ստիպելու անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայի հարավ-արեւելյան շրջաններում, հետ քաշել զորքերը եւ ազատ արձակել բողոքի ակցիաների մասնակիցներին»:

Ինչպես Սմոլենսկի հրապարակից են հայտնել, ռուսական կողմը նաեւ ընդգծել է ԵԱՀԿ միջնորդական ներուժի առավելագույն ծավալով կիրառման կարեւորությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցենքն, որ մայիսի 2-ին Օդեսսայում զանգվածային անկարգությունների եւ Մայդանի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ բախումների ընթացքում ավելի քան 40 մարդ էր մահացել:

Նույն օրը ուկրաինական զորքերը Սլավյանսը գրոհով վերցնելու փորձ են կատարել: Տեղի աշխարհազորայինների խոսքով, ուղղաթիռների աջակցությամբ լայնածավալ հարձակումներ են իրականացվել քաղաքի շրջագծով կառուցված բոլոր անցակետերի ուղղությամբ: Երկու կողմերն էլ կորուստներ ունեն: